Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ես ընդհանրապես դեմ եմ, երբ երաժշտությունը շահագործվում է և վերածվում շոուի»

«Ես ընդհանրապես դեմ եմ, երբ  երաժշտությունը շահագործվում է և վերածվում շոուի»
31.10.2014 | 12:53

«Իրատես de facto»-ի հյուրը ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆՆ է: Մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք 2013-ից Արմեն Բաբախանյանի նախագահությամբ գործող «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնի` մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրին, որը կոչված է ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների բացահայտմանն ու ինքնադրսևորմանը: Նախընտրական փուլ անցած 10-20 տարեկան 15 երիտասարդ երաժիշտներն ընդգրկվում են ծրագրում` դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտություններով: Ամեն տարի հրավիրյալ մասնագետների և խորհրդատուների հետ քննարկվում են նրանց հաջողությունները, և նորից անցկացվում են լսումներ: Նրանք, ովքեր տարվա ընթացքում չեն արդարացնում իրենց, փոխարինվում են, գալիս են նորերը: Պատանի երաժիշտների հետ ամիսը 10-12 օր անդադար վարպետության դասեր են անցկացնում հրավիրյալ մասնագետները, որոնք կարևոր ներդրում ունեն այսօրվա երաժշտական ու մենեջերական ասպարեզում: Նրանց հետ աշխատում են նաև արտերկրից ժամանած առաջադեմ կատարողական դպրոցների ներկայացուցիչներ՝ հեղինակավոր պրոֆեսորներ, միջազգային մրցույթների գեղարվեստական ղեկավարներ: Ծրագրի մասնակիցներին հնարավորություն է տրվում ելույթ ունենալու հայաստանյան լավագույն բեմերում, հովանավորվում է նրանց մասնակցությունը միջազգային վարպետության դասերին, միջազգային մրցույթներին և այլն: Քայլեր են արվում նաև ծրագրի մասնակիցներին երաժշտական գործիքներով ու երաժշտական գրականությամբ ապահովելու ուղղությամբ:

-Պարոն Բաբախանյան, ծրագիրը միտում ունի ճանապարհ հարթելու բացառիկ տաղանդների համար: Իսկ, առհասարակ, երաժշտական կրթությունը նախընտրողների թիվը շա՞տ է մեզանում: Խորհրդային շրջանում երաժշտական կրթությունը կարծես երկրորդ պարտադիր կրթություն էր: Դժվար է ասել` մոդայի՞կ էր, թե՞ պարզապես ծնողները հետևում էին երեխաների գեղարվեստական դաստիարակությանը: Կարո՞ղ ենք ասել, որ անցումային շրջանը քիչ թե շատ հաղթահարել ենք, և վերականգնվում են հին ավանդույթները:
-Ես, լինելով կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պետք է ասեմ, որ լրջորեն հետևում եմ, թե ինչ է կատարվում դպրոցներում: Ի վերջո, հետագայում երեխաները, եթե ցանկություն ունենան շարունակելու երաժշտական կրթությունը, գալու են կոնսերվատորիա: Տարեկան երկու անգամ մեկնում եմ մարզեր` համերգներով, դասախոսություններով: Պետք է ասեմ, որ եթե տասը տարի առաջ լուրջ անկում էր նկատվում երաժշտական կրթության ոլորտում, հիմա պատկերն էապես փոխվել է, 30-40 տոկոս աճ կա: Սկզբնական կրթությունը, որ տալիս է երաժշտական դպրոցը, ես ողջունում եմ, ինչքան շատ երեխաներ սովորեն, այնքան լավ: Բայց հետագայում դա պրոֆեսիոնալ մասնագիտություն դարձնելն արդեն ընտրության հարց է: Մենք չենք կարող ամեն տարի ունենալ 40 դաշնակահար: Երկիրը փոքր է, և շուկա չկա: Հիմա 1-ին, 2-րդ կուրսերում 15-20 ուսանողներ են սովորում, խորհրդային շրջանում 40-ի էր հասնում նրանց թիվը, և առաջ էր գալիս աշխատատեղի խնդիր: Փորձում ենք շտկել այդ դաշտը, ավելի շատ որակ ենք ուզում ստանալ, քան քանակ:
-Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցիք, որ մարզերում խնդիրներից մեկը դասախոսական կազմն է, որը բավական թերի է։ Վերոնշյալ ծրագրում ընդգրկված պատանի տաղանդավոր երաժիշտները շարունակում են սովորել իրենց ուսուցիչների մոտ: Այդ առումով խնդիր չի՞ լինում:
-Մեր ծրագրում երեխայի հետ նաև ուսուցչին ենք ընդգրկում: Փորձում ենք մենթալիտետը փոխել. ինչքան շատ մասնագետ աշխատի տաղանդավոր երեխայի հետ, այնքան օգուտը մեծ կլինի: Երաժշտական ասպարեզում չի կարելի մեկուսանալ. տեսակետները, մոտեցումները, դպրոցները տարբեր են, իսկ տաղանդավոր մարդը պիտի ստանա ընդհանուր գիտելիք: Տաղանդի ունակությունը ոչ թե մատները շարժելն է, այլ այստեղից-այնտեղից քաղելը, մաղելը և վերջնականապես իր միջով դուրս հանելը: Առհասարակ, պետք է հասկանալ, որ բոլորը չեն կարող տաղանդավոր լինել: Եթե յուրաքանչյուր կուրսից կոնսերվատորիան ավարտող մեկ-երկու փայլուն երաժիշտ լինի, արդեն լավ է: Չինաստանում այս պահին երաժշտական կրթություն է ստանում 54 միլիոն մարդ, հաջողության են հասնում 100-ը:
-Իսկ մեզ մոտ կա՞ նման վիճակագրություն, կոնսերվատորիան ավարտողներից քանի՞սն են լավ երաժիշտ դառնում:
-Կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում ներկայումս սովորում է 137 դաշնակահար: Լավ ասվածը հարաբերական է: Նրանց գրեթե կեսը կդառնա լավ մասնագետ, մի քանիսը` փայլուն կատարողներ:
-Ինչո՞ւ է բացառիկ տաղանդներին կրթող ծրագրում ընդգրկված երեք բաժին` դաշնամուր, ջութակ, թավջութակ:
-Դրանք դասական ակադեմիական գործիքներ են: Մինչ ծրագիրն սկսելը քննարկում էինք, ուզում էինք նաև վոկալի բաժին լիներ, բայց միջազգային պահանջներին համապատասխան ուսուցման պայմաններ չենք կարող ապահովել: Վոկալիստից բացի, պետք է նրանց հետ աշխատի ֆոնետիստ, իսկ մենք Հայաստանում չունենք նման մասնագետ: Ինչո՞ւ ոչ, ծրագիրը հետագայում կընդլայնվի, բայց առայժ հնարավորություններն այսքան են: Իսկ ակադեմիական դասական գործիքների կարիքն ավելի շատ է, որովհետև մենք մոռացել ենք, թե ինչից է սկսվել երաժշտությունը, այսինքն` դասական հիմքը: Մշակույթի նախարարությունը շատ ծրագրեր է նախատեսում ժողովրդական գործիքների հետ կապված, բայց, ի վերջո, միջազգային դասական համերգային բեմում ներկայացվում է դասական երաժշտությունը: Սա փաստ է:
-Ինչո՞ւ մասսայականություն չեն վայելում դասական ասպարեզում հաջողություն արձանագրող երաժիշտները:
-Դասական երաժշտությունը չի կարող համատարած ընկալելի լինել բոլորի համար: Ֆեյսբուքում նայեք, թե ինչքան լայքեր ունի դասական հայտնի կատարողը և ինչքան լայք ` 17-18 տարեկան փոփ միջակ երգչուհին` Հայաստանից կամ, որ ավելի վատ է, արտերկրից:
-Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ երաժշտական հեռուստատեսային նախագծերին:
-Վատ: Ես, ընդհանրապես, դեմ եմ, երբ երաժշտությունը շահագործվում է և վերածվում շոուի: Դա անում են հեռուստատեսությունները, հասկանալի է, ունկնդիր ունենալու համար: Բաց ես ոչ թե խոսում եմ դրա դեմ, այլ այն մասին, թե ինչ է լինելու երիտասարդների հետ, ովքեր մասնակցում են այս ամենին: «ՈՒռաներ» ու «բռավոներ» են շահում, մյուս օրը նրանց անունները մոռացվում են, գալիս են նորերը: Դա սարսափելի է ու անարդար: Եթե նրանցից մեկին բախտ է վիճակվում, ինչ-որ ձևով շարունակում է ճանապարհը, եթե ոչ, որևէ բան չի արվում նրա համար, նա օգտագործվում է և գցվում դեն, գալիս է նորը: ՈՒզում եմ ընդգծել տարբերությունը. միջազգային մրցույթներում առաջին մրցանակ ստացողը ոչ միայն դրամական պարգև է ստանում, այլև լուրջ համերգների մասնակցելու հնարավորություն է ձեռք բերում: Այդ համերգների ժամանակ նա մենեջերներ է ունենում և լուրջ խթան` առաջ գնալու:
-Իսկ տաղանդների բացահայտման առումով հեռուստատեսային նախագծերը գոնե ծառայո՞ւմ են իրենց նպատակին:
-Կան տաղանդավորներ, որովհետև հայերը տաղանդավոր ազգ են: Իսկ տաղանդների հետ լրջորեն են զբաղվում, նուրբ, անհատական վերաբերմունք է պետք: Էլ չեմ խոսում այն մասին, որ մենք կրկնում ենք ռուսաստանյան շոուները, բայց, կներեք, տարբեր է մակարդակը: Նույնիսկ մասնագետների հնչեցրած գնահատականները լրջորեն տարբերվում են:
-Պարոն Բաբախանյան, երկու խոսք էլ Ձեր ծրագրերից:
-Ծրագրերը շատ են: Կարող եմ առանձնացնել այն նախաձեռնությունը, որ նպատակ ունի ամփոփելու հայկական կոմպոզիտորական դպրոցի դաշնամուրի համար ստեղծված գրեթե բոլոր երկերը: Կազմում, ձայնագրում և թողարկում եմ «Հայկական դաշնամուրային ստեղծագործությունների անթոլոգիան»: Անթոլոգիայի յուրաքանչյուր հատոր բաղկացած է երկու ձայնասկավառակից. ծրագրում ենք հրատարակել մոտ 60 հատոր` 120 ձայնասկավառակ: Ամեն կոմպոզիտորի հիմնականում հատկացնում ենք 1 ձայնասկավառակ:
-Անթոլոգիան կազմելու ընթացքում բացթողումներ շա՞տ եք նկատում:
-Որպես օրինակ, երբ ձայնագրությունները սկսեցի, հասկացա, որ մեր հասարակությունը չգիտի, որ Տիգրան Չուխաջյանն ունի մեծ թվով դաշնամուրային գործեր: Դրանք երբևէ չեն հրատարակվել:
-Ծրագիրը ո՞ր փուլում է:
-Ձայնագրությունը պատրաստ է, սկավառակը թողարկվել է, նոտաները պետք է հրատարակվեն:
-Մենք ունե՞նք երաժշտական գրականության պակաս:
-Անցյալ տարի մշակույթի նախարարության հետ տպագրել ենք Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»: Վերջին անգամ հրատարակվել է 56 թվականին, նվագախումբը նվագում էր ձեռքով գրված նոտաներով: Զուտ նոտաների պակասը լրջորեն զգացվում է: Մեր ծրագրի շրջանակում ուզում ենք դրսից գնել ճիշտ նոտաներ, որովհետև սովետական հրատարակությունների մեջ լուրջ սխալներ կան: Ժամանակին դրանք վերահրատարակվում էին` նույն սխալներով, մինչդեռ խմբագրական լուրջ աշխատանք է անհրաժեշտ: Մշակույթի նախարարությունը քայլեր անում է այդ ուղղությամբ, հրատարակվում է մեծ քանակությամբ անհրաժեշտ գրականություն և տրվում դպրոցներին, բուհերին, նվագախմբերին:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ